Ինչպես պատրաստել ՄՐՋՆԱԲՈՒՅՆ
ալյուր – 3,5 բաժակ,
շաքարավազ – կես բաժակ,
թթվասեր – 200 գ,
կարագ- 200 գ,
աղ – մի պտղունց,
սոդա – կես .թ գդ.,
եփած խտացրած կաթ – 1 տուփ,
վանիլ
Խմորեղենի պատրաստելը
Ալյուրը մաղել, վրան ավելացնել սոդան: Ավելացնել փափկած կարագը, շաքարավազը, թթվասերն ու խառնել: Խմոր հունցել, բաժանել գնդերի և սառեցնել սառցախցիկում: Սառած գնդերը հանել, քերիչով անցկացնել, ջեռոցի տապակի մեջ լցնել, բովել: Անընդհատ խառնել, որպեսզի խմորի գնդիկները համաչափ թխվեն: Այսպես հերթով թխել բոլոր գնդերը, թողնել սառչեն: Կրեմի կարագը լավ հարել, գդալ-գդալ ավելացնել խտացրած կաթը: Երբ կրեմը համասեռ դառնա, ավելացնել վանիլը: Խորը թասի մեջ լցնել խմորի փշուրները, կրեմը, լավ խառնել: Ապա ձեռքերով ձև տալ, կարելի է մեկ ամբողջական տորթ ձևավորել, կարելի է կոների տեսքով թխվածքաբլիթներ անել կամ դնել ձևավոր կաղապարների մեջ: Դնել սառը տեղ, ապա զարդարել քերած շոկոլադով:ՄՐՋՆԱԲՈՒՅՆԸ պատրաստ է և կարելի է արդեն մատուցել:
Ինչպես պատրաստել ԷԿԼԵՐ
Խմորի համար՝
ձու – 6 հատ,
կարագ – 100 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
սառը ջուր — 1 բաժակ,
աղ – մի պտղունց,
սոդա – կես թ. գդ.,
ալյուր – 1 բաժակ,
կրեմի համար՝
ձու – 2 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
կաթ – 2 բաժակ,
շաքարավազ — 1 բաժակ,
վանիլ,
կարագ – 200 գ,
շաքարի փոշի
Խմորեղենի պատրաստելը
Փոքրիկ կաթսայի մեջ լցնել շաքարավազը, ջուրը, կարագը, դնել կրակին: Անընդհատ խառնել, մինչև կարագն ու շաքարը ձուլվեն ջրին: Ալյուրի վրա լցնել սոդան ու աղը: Կաթսան վերցնել կրակից, միանգամից լցնել մաղած ալյուրը, խառնել արագ շարժումներով: Երբ ստացվի համասեռ զանգված, կրկին դնել կրակին, հնարավորին չափ թույլ: Խառնելով բովել խմորը այնքան ժամանակ, մինչև բովված խմորի բույրը տարածվի: Հետո կաթսան վերցնել կրակից, թողնել մի քիչ հովանա: Ձվերը մեկ-մեկ կոտրել, խառնել խմորին: Երբ առաջին ձուն լավ խառնվի, ավելացնել երկրորդը և այսպես շարունակ: Բոլոր ձվերը խառնելուց հետո տապակին յուղաթուղթ փռել կամ ալյուր ցանել: Թեյի գդալով խմորի գնդիկները շարել տապակի վրա` իրարից հեռու հեռու, քանի որ էկլերները գրեթե կրկնակի մեծանում են թխվելու ընթացքում: Թխել 150 աստիճանում մինչև վարդագույն երանգ ստանալը: Կրեմի բաղադրիչներից եփովի կրեմ պատրաստել: Էկլերները դանակով բացել, կրեմ լցնել, շարել մեծ ափսեի մեջ, վրան շաքարի փոշի շաղ տալ և թողնել մի քիչ սառչի:
Ինչպես պատրաստել խմորեղեն «ՍԻԳԱՐԵՏ»
Բաղադրիչներ՝
թթվասեր – 2 բաժակ,
ձու – 3 հատ,
կարագ – 200 գ,
շաքարավազ — 1 բաժակ,
սոդա – դանակի ծայրով,
ալյուր – 3 բաժակ,
ընկույզի միջուկ – 1 բաժակ,
դարչին,
շաքարի փոշի
Խմորեղենի պատրաստելը
Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին: Երկու ձուն կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար: Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա: Խմոր հունցել, դնել մի կողմ: Պատրաստել միջուկը: Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը: Լավ խառնել: Խմորը բաժանել գնդերի: Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել: Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել: «Սիգարետները»շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան: Ապա հանել, թողնել սառչեն, և շաքարի փոշի ցանել վրան: